Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տարածաշրջանային անվտանգության պատասխանատվությունը ծանրացած է ԱՄՆ-ի ուսերին

Տարածաշրջանային անվտանգության պատասխանատվությունը  ծանրացած է ԱՄՆ-ի ուսերին
06.09.2013 | 11:40

Աշխարհիկ լրատվամիջոցները լեփ-լեցուն են Սիրիայի իրադարձություններին նվիրված նյութերով, բայց այդպես էլ այդ իրադարձությունների զարգացման առարկայորեն շարադրված որևէ գործոն, ԱՄՆ-ի ու Արևմտյան ընկերակցության և մյուս շահագրգիռ կողմերի որևէ շարժառիթ չի առաջարկվել։ Առաջարկվում են միայն այս կամ այն իրադարձության հատվածներ` իսկական պատճառներից ու շահերից կտրված։ Այսպես թե այնպես, հարկ է նշել, որ տեղ ունի մեծ անորոշություն քաղաքականության մեջ, և ուժեղանում է առաջատար պետությունների քաղգործիչների անվստահությունը։ Ո՛չ մեծ պետությունները, ո՛չ տարածաշրջանների խոշոր պետությունները չեն համարձակվում ինչ-որ ինքնուրույն բան ձեռնարկել։ Քաղգործիչները կարիք ունեն խորհրդարանականների, հասարակության, միջազգային կազմակերպությունների ու իրենց գործընկերների նախնական հավանության։ Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի ու նրա գործընկերների վարած քաղաքականությունը միջազգային քաղաքականության վրա տասնամյակների հետք է թողել ու, երևի, շատ ուժեղ փաստարկներ են պետք տարածաշրջանային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ակտիվացման համար։ Կարելի է նշել, որ առայժմ միայն մեկ նպատակ է անշեղորեն միաբանում ԱՄՆ-ին ու Արևմուտքին. դա Չինաստանի քաղաքականությունն է, որը չի ձգտում իր հավակնություններն ու պահանջները ներկայացնել համաշխարհային քաղաքականության մեջ։ Բայց Սիրիայի իրադարձությունների առթիվ Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումն է հենց ԱՄՆ-ին դրդում արագացնելու գործողությունները։ Ավելի շուտ, նույնիսկ շփոթության ու անվստահության պայմաններում, ԱՄՆ-ը երկյուղում է, որ Սիրիայում, ամերիկյան շահերին հակառակ, կարող են ձեռք բերվել կառավարող վարչակազմի որոշակի դիրքեր, ուստի պետք է շտապել և Ասադին ու նրա շրջապատին հասկացնել, որ հարկավոր է սկզբունքային փոխհամաձայնության գալ։ Հասկանալի է դարձել, որ Սիրիայում ընդդիմադիր ուժերը չեն կարող հաղթել կամ որևէ դիրք պահպանել։ Բոլոր ուղղությունների ընդդիմադիր ուժերին լիակատար ոչնչացում է սպասում, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն տարածաշրջանում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի որոշակի ուժեղացմանը, այլև ռազմական հակամարտության շարունակմանը` Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ պետությունների ներգրավմամբ։
Ներկայումս ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե ինչ կտա սիրիական ռազմաքաղաքական ընդդիմության ջախջախման շարունակումը, բայց, ամեն դեպքում, տարածաշրջանային անվտանգության պատասխանատվությունը մեծ մասամբ ծանրացած է ԱՄՆ-ի ուսերին։ Ամերիկացիներն այս պահին երկյուղում են տարածաշրջանային մեծ պատերազմից, քանի որ ստիպված պիտի լինեն ընդունել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի աջակցությունը, ինչը նրանք ամենևին չէին ցանկանա։ Բայց այլ հեռանկարներ ևս կան, այն է` շրջափակել Իրաքի նավթի ակունքներն ու Պարսից ծոցը։ ԱՄՆ-ը կցանկանար ուժերի հավասարակշռություն հաստատել շիադավան և սուննիադավան պետությունների միջև, բայց առանց լայնածավալ պատերազմի։
Ռուսաստանի քաղաքականությունն այդ իրադարձությունների սկզբից հենց «կողմնահայաց» է եղել, և իրոք, նա կարող էր սոսկ հետևել ու խիստ հայտարարություններ անել։ Եվ այն, որ Ռուսաստանը մեծ ռիսկի դիմեց` սպառազինություն տրամադրելով Սիրիային, ամենևին էլ չի խոսում նրա ազդեցության և մեծ հնարավորությունների մասին։ Ընդհակառակը, Ռուսաստանը հարկադրված է քայլել իրադարձությունների հետևից` միայն արձագանքելով տեղի ունեցող դեպքերին։ Ոչ մի մեծ տերություն չի կարող Մերձավոր Արևելքում նշանակալի ազդեցություն ձեռք բերելու հույսեր փայփայել` հենվելով որևէ մեկ, թող որ աշխարհաքաղաքական առումով կարևոր, պետության հետ գործընկերության վրա։ Հնարավոր է, որ հենց դրա համար էլ Չինաստանը չի ձգտում շոշափելիորեն ներգրավվել տարածաշրջանային խաղերի մեջ, իսկ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան էլ, կորցնելով իրենց ավանդական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, հարկադրված են սոսկ հետևելու ԱՄՆ-ի քաղաքականությանը։
Տարածաշրջանում տեղի է ունեցել այն, ինչը սպասելի էր, բայց, այդուամենայնիվ, իրադարձությունների «կտրուկ շրջադարձերում» կարևոր դեր խաղացին արաբական երկու առաջատար պետություններ. Եգիպտոսն ու Իրաքը, փաստորեն, պաշտպանեցին Ասադի վարչակազմը, ինչը արաբական մյուս պետություններին հարկադրեց խորամուխ լինել տեղի ունեցող իրադարձություններում։ Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ Եգիպտոսն ու Իրաքը ԱՄՆ-ի մերձավորագույն գործընկերներն են տարածաշրջանում, և Վաշինգտոնը պետք է նրանց դիրքորոշումն ընդունի որպես տարածաշրջանային քաղաքականության կարևոր գործոն։ Ինչպես հայտնի է, Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի ու նրա գործընկերների երկու խոշոր ռազմական գործողությունները ձեռնարկվեցին արաբական պետությունների մեծ մասի համաձայնությամբ ու աջակցությամբ, ինչը ինչ-որ չափով ապահովեց այդ գործողությունների օրինականությունը։ Այս պարագայում Արաբական պետությունների լիգան, կարծես, հավանություն տալիս է Սիրիայի վրա հարձակմանը, թեև անհասկանալի է մնում առանձին վերցրած յուրաքանչյուր պետության դիրքորոշումը։ Բայց անգամ պաշտոնական որոշումների պարագայում կասկածներ են մնում դրանցում արաբական երկրների վստահության ու շահագրգռության առնչությամբ, իսկ նման որոշումներ, ի դեպ, դեռ պատշաճորեն չեն էլ ընդունվել։ Հիմա խնդիրն այն է, որ այս անգամ սուննիադավան արաբական երկրները հանդես են գալիս ընդդեմ շիադավանների, այսինքն` Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի։ Չի կարելի մոռանալ նաև մի շարք այլ արաբական պետություններում շիական խոշոր համայնքների առկայությունը։ Հազիվ թե այս իրավիճակում «օրինական արաբական որոշում» հնարավոր լինի։
ՆԱՏՕ-ն միանգամայն որոշակիորեն հրաժարվել է Սիրիայի վրա հարձակմանը մասնակցելուց, բայց ամերիկացիներն սպասում էին դա և ողբերգություն չսարքեցին դրանից։ Ընդհակառակը, ՆԱՏՕ-ի այդ որոշումը կարևոր գործոն դարձավ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որոշումներ ընդունելու, այսինքն, հարձակողական գործողություններից հրաժարումը հիմնավորելու համար, ինչը կարող է հիմնավորում լինել Վաշինգտոնի ներքաղաքական բանավեճերում։ Առայժմ հստակ հասկանալի է մեկ բան. ԱՄՆ-ը կցանկանար Սիրիայում պահպանել ներկա կառավարող վարչակազմը, ինչը նշանակում է Բաշար Ասադի նախագահության շարունակում, սակայն պայմանով, որ նա զիջումներ անի և ստեղծի կոալիցիոն կառավարություն։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 24874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ